Thursday, February 26, 2015

Ավետիք Իսահակյան. մեդիափաթեթ

Գրական դիմանկար
1875-1957թթ.: Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրական և հասարակական գործիչ, ակադեմիկոս, խոսքի Վարպետ: Ավետիք Իսահակյանը նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) և Հառիճի վանքի դպրոցներում, 1889–92 թթ-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ աշակերտել է  Հովհաննես Հովհաննիսյանին, Ստեփան Լիսիցյանին և ուրիշների:
1892 թ-ի դեկտեմբերին «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով:  1893 թ-ին մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895 թ-ին վերադարձել է հայրենիք:
Հայ  ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896 թ-ին ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898 թ-ին աքսորվել է Օդեսա: 1900 թ-ին կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901 թ-ի սեպտեմբերին վերադարձել է հայրենիք: 1908 թ-ին կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911 թ-ին  մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912–26 թթ-ին ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում: 1926 թ-ին ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930 թ.: 1930–36 թթ-ին ապրել է Փարիզում, 1936 թ-ի դեկտեմբերին վերադարձել է հայրենիք: 1946–57 թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության նախագահը:
Իսահակյանի առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Երգեր ու վերքերը» (1898 թ.), նշանավորել է ժողովրդական բանաստեղծի մուտքը գրական աշխարհ։ Գրքի հիմնական թեմաները՝  հայրենասիրություն, մայրական սեր, բնապաշտություն, կյանքի և մահվան առեղծվածի փիլիսոփայական ըմբռնում, բնորոշ դարձան նրա հետագա բանաստեղծությունների համար։
Նրա «Դարդս լացեք», «Սև մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան», «Որսկան ախպեր» և քնարական այլ բանաստեղծություններ երգի են վերածվել: Իսահակյանի քնարերգությունն իր ոգով ու ոճով, բովանդակությամբ ու գեղարվեստական առանձնահատկություններով ժողովրդային է: Բանաստեղծի համար սերը կյանքն է՝ իր բոլոր հմայքներով ու հրապույրներով, սիրո կործանումը հավասարազոր է կյանքի իմաստի կորստի.
Վառ աստղերը երկնից ընկան,
Վարդ ու շուշան թառամեց,
Ախ, իմ կյանքս, անուշ կյանքս
Կտոր, կտոր փշրվեց…
Իսահակյանը մշակել է ժողովրդական ավանդավեպեր, լեգենդներ, հեքիաթներ: Բազմաթիվ սյուժեներ վերցրել է հայ և Արևելքի ժողովուրդների ավանդապատումներից ու իմաստավորել ժողովրդական կենսափիլիսոփայությամբ, երազանքներով, ձգտումներով («Հայրենի հող», «Շիդհարը», «Լիլիթ», «Սաադիի վերջին գարունը», «Հավերժական սերը»):
Իսահակյանը պանդխտության և մայրական սիրո թեմային անդրադարձել է բազմաթիվ բանաստեղծություններում: Հաճախ պանդխտության երգը միաձուլվել է մոր կերպարին: «Մայրիկիս» բանաստեղծության մեջ հայրենիքից հեռացած, մորից բաժանված պանդուխտը խոսում է իր անհուն կարոտի մասին.
Երբ քունդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գրկեմ, համբույր տամ,
Սրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՜մ ու խնդա՜մ, մայրի՜կ ջան…
Մայրական սիրո գեղեցիկ պատկերներ են «Մայրը» և «Մոր սիրտը» լեգենդները:
Հայրենասիրական թեման միշտ առկա է նրա ստեղծագործություններում: Հայրենիքի հավերժության գաղափարն առավել մեծ ընդհանրացման է հասել «Ռավեննայում» (1926 թ.) բանաստեղծության մեջ, որը գրել է Իտալիայում:
Հայ խոհափիլիսոփայական քնարերգության մեջ անհաս բարձունք է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը (1910 թ.)։ Հանձին X դարի արաբ բանաստեղծի կերպարի` Իսահակյանը վերհանել է ու պարզել ոչ այնքան միջնադարի արաբ հեղինակի կյանքի պատմությունը, որքան իր անձնական խոհերն ու տագնապները, մտորումներն ու ապրումները հարազատ ժողովրդի ողբերգական ճակատագրի վերաբերյալ։ «Աբու-Լալա Մահարին» Իսահակյանի արձագանքն է ժամանակի դաժան ու տմարդի իրականությանը։ Պոեմի հերոսի ճախրանքը դեպի արևը հնի մերժումն է ու դատափետումը, նոր կյանքի, նոր գաղափարների հաստատումը:
Վերջին՝ «Սասմա Մհերը» (1922 թ.) պոեմում բանաստեղծը յուրովի է ներկայացնում Փոքր Մհերին. Իսահակյանի մեկնաբանությամբ՝ հենց նա պետք է հագեցներ հայ ժողովրդի հոգում կուտակված արդարության և հավասարության դարավոր ծարավը։ Մհերը փորձում է իր օրինակով ոգևորել ընչազուրկին և ռամիկին, պայքարել  տերերի ու իշխանների դեմ, սակայն մենակ է մնում իր պայքարում և, զայրացած այս ամենից, կամավոր փակվում է Ագռավաքարում։ 19 տարի անց Իսահակյանն «ազատագրում» է իր հերոսին կապանքներից և տեր հռչակում իր հացին ու վաստակին։
Հայ պատմվածքի ժանրը հարստացել է գրողի «Համբերանքի չիբուխը», «Հորս գութանը», «Գերեզմանի վրա» և այլ գործերով։ Իսահակյանը գրել է նաև հեքիաթներ ու առակներ, բալլադներ ու լեգենդներ, հուշապատում («Հիշատակարան», հրատարակվել է 1977 թ-ին), մանրապատումներ և այլն, ունի օրագրային գրառումներ։ 2001 թ-ին լույս է տեսել նրա «Աֆորիզմներ» գիրքը:
Իսահակյանի տուն-թանգարաններ են գործում Երևանում, Գյումրիում, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում, Գյումրիում, հանրապետության այլ քաղաքներում, Մոսկվայում, դպրոցներ և գրադարաններ՝ ՀՀ-ում, արձաններ են կանգնեցվել Երևանում և Գյումրիում:
Վարպետի մտքի գանձարանից
Միտքը մեռցնում է զգացմունքը, զգացմունքը մեռցնում է միտքը, բայց երբեմն երկուսը, եղբայրացած իրար հետ, տիեզերքն են գրկում …
Հայտնագործությունները երազանքների իններորդ ալիքն են:
Հոգեբանություն չունեցող ուսուցիչը անզեն որսորդի նման է:
Պետք է միայն սիրել, խորանալ, դիտել, տեսնել, հուզվել և նյութը արվեստի վերածել:
Ամեն բան անցնում է իմ սրտի միջով՝ աշխարհը, բոլոր իրերը, հարցերը, դեպքերը… Ես անտարբեր չեմ կարող կանգնել աշխարհի առաջ անարձագանք, անանդրադարձ…
Սիրո’վ չափեցեք, այս լինի ձեր միակ բանը ամեն բան չափելիս:
Մի լինիր կյանքում ծանրություն, աշխատիր լինել ծանր մեծություն:
Եթե մի բարոյականություն գեղեցիկ չէ, նա բարոյական չէ:
Եթե մի երևույթ, մի վարմունք գեղեցիկ չէ, նա բարոյական չէ …
Պետք է ապրել գեղեցիկ, մտածել, զգալ գեղեցիկ, հագնել, գնալ գեղեցիկ, ուտել, խմել, քնել գեղեցիկ, մեռնել գեղեցիկ … Ամեն բան գեղեցիկ, գեղեցիկ …
Ճշմարտությունը եթե գեղեցիկ չէ, նա ճշմարտություն չէ, իսկ ինչ որ գեղեցիկ է` նա ճշմարիտ է:
Գեղեցկությունը կատարելություն է և ընդհակառակը:
Արվեստը պիտի արտահայտե արվեստագետի հոգին, իրերի հոգին, մարդու հոգին: Նա պիտի մեկնաբանե պատկերներով` մեր ներաշխարհը: Նա պիտի թարգմանե բնությունը:
Նա պետք է տա ո՛չ թե իրականությունը, այլ նրա զգայությունը, զգացումը և պատրանքը:
Ո՛չ թե, օրինակ, նկարի մեջ երկաթուղու արագությունը տա, կամ հողմի, կամ գետի, այլ նրա զգայությունը, այսինքն` զգանք մենք արագությունը:
Պատրանք և իրականություն: Արվեստը իրականության պատրանքն է: Օրինակ, Օթելլոն Շեքսպիրի. մենք իլյուզիոնի միջոցով գնում ենք և տեսնում իրականությունը – մարդու հոգին, նախանձ, վրեժ, հուսահատություն, կրքեր:
Մարդն է բնության իմաստը, և գեղեցիկն է ճշմարտության թագը, կատարը:
Գեղեցկությունը, գեղարվեստը ինքնամոռացություն է բերում, մոռացության պահեր, երջանկացնում է:
Գեղարվեստն է` բնությունը գումարած մարդը:
Մարդը և բնությունը – միասին: Բնությունը, առավել` մարդը:
Բանաստեղծը, արվեստագետը իր սրտի աչքով կտեսնե ու կզգա աշխարհի իրերը, երևույթները, երևույթների հոգին, ներքին, հավերժական անփոփոխ կյանքը:
Իդեալը միայն արվեստի մեջ է մարմնանում և երբեք` կյանքում, իրականում: Նա կարող է միայն արվեստի մեջ իրականանալ:
Անձնական վշտի և հրճվանքի միջոցով ներկայացնել հավաքականը` ահա արվեստը:
Աստվածների ամենամեծ բարիքը, որ տված է մարդկանց` դա չափի զգացումն է:
Ամեն մի ստեղծագործություն անհատական կնիք ունի. անհատն է, որ մեն-մենակ ստեղծում է, գրում, նկարում, քանդակում, հնարում: Դրա համար էլ երեխա ստեղծելը երկու հայրով չի լինի, այլ` մի. երկու հայրով, ինչպես և երկու հեղինակով ստեղծումները, վիժում են:
Գնահատանքի խոսքեր և հուշեր
Քո երգերն իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում:
Վ. ՏԵՐՅԱՆ
Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան` թե իբրև արտաքին ձև, և թե իբրև, մանավանդ, բովանդակություն:
Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ
Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ:
Ե. ՉԱՐԵՆՑ
Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս հիմա չկա այդպիսի առաջնակարգ ու պայծառ տաղանդ ամբողջ Եվրոպայում:
ԱԼ. ԲԼՈԿ
Ավետիք Իսահակյանը մեծ գրող է միջազգային առումով և գերազանցորեն մարդկային, իսկ իր գործը` «Աբու Լալա Մահարին» անժխտելիորեն անզուգական գլուխգործոց: Առաջին իսկ օրերից համակվեցի նրա զգացումների խորությամբ: Անվերապահորեն ու լիակատար հիացած եմ Ավ. Իսահակյանի գործով, իսկ նրա անձը ինձ համար շողշողուն մտքի, ոգու և պայծառ լույսի ու ջերմության փարոս է: Կյանքիս ամենաերջանիկ պահը պիտի համարեի, եթե հնարավորություն ընծայվեր ինձ այցելելու մեծ գրողին:
Խ. ԷԼ ԱՍԱԴԻ
Իսահակյանը պատկանում է այն բանաստեղծների դասին, որոնք հազվադեպ են ծնվում: Համոզված եմ, որ նա կապրի դարեր ու դարեր:
Ի. ԷՐԵՆԲՈՒՐԳ
… Համաշխարհային պոեզիան անիմաստ կլիներ առանց Ավետիք Իսահակյանի:
Ա. ԴԵՅՉԻ
Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ պատիվ ունեմ թարգմանելու Ավետիք Իսահակյանի երկերը չինարեն: Մենք շատ սիրեցինք նրա` մեզ հարազատ պոեզիան և այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում չին ընթերցողների համար:
ԳԵ- ԲԱՈ- ՑՅՈՒԱՆ
Վիթխարի է Իսահակյանը, դժվար է ընդգրկել նրա մեծությունը, նա պոեզիայի հսկաներից է, նորագույն հայ գրականության Արարատը:
Ա. ԴԻՄՇԻՑ
Իսահակյանի ֆիզիկական մահով Հայաստանը կորցրեց հայրենիքի հորը, համաշխարհային պոեզիան` շողշողուն բանաստեղծին:
ԳԱՄՍԱԽՈՒՐԴԻԱ

No comments:

Post a Comment